Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Գիտնականներն ասում են, որ սնկերը չափազանց օգտակար են մեր առողջության համար: Բացի իրենց մեջ պարունակվող արժեքավոր սպիտակուցներից և դյուրամարս ածխաջրերից ու ճարպերից, սնկերը D և B վիտամինների հարուստ աղբյուր են: Դրանք պարունակում են նաև մի շարք հանքային աղեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, երկաթը, պղինձը և սելենը:
D վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի լավ յուրացման՝ հետևաբար նաև առողջ ոսկորների կառուցման և պահպանման համար: Այն հիմնականում կանխարգելում է օստեոպորոզը և դրա հետ կապված հիվանդություններն ու օրգանիզմը պաշտպանում է մկանային թուլությունից: D վիտամինի հիմնական աղբյուրը հենց ինքը` օրգանիզմն է, որն այն արտադրում է արևի ճառագայթների ազդեցությամբ: Աշնանը և ձմռանը, երբ լույսի առկայությունն անբավարար է, դա կարող է բերել D վիտամինի պակասի: Սրանից խուսափելու համար պետք է ապահովել, որպեսզի մեր սննդակարգը հարուստ լինի սնկերով: 100գ սունկն ապահովում է D վիտամինի օրական պահանջի 4%-ը:
Սնկերը նաև բարերար ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա, քանի որ նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լովաստատինի (խոլեստերինի առաջացմանը խաչընդոտող տարր) շնորհիվ նվազեցվում է մարսողական համակարգից խոլեստերինի յուրացումը: Ավելին, այն փաստի շնորհիվ, որ սնկերը կալիումի հարուստ աղբյուր են, դրանք իջեցնում են արյան ճնշումը և կարող են նվազեցնել ուղեղի և սրտի կաթվածի վտանգը: Արյան շրջանառության համակարգի աշխատանքին նպաստում է նաև սնկերում առկա պղինձը:
Սնկերի և քաշի կարգավորման վրա դրանց ունեցած պոտենցիալ ազդեցության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, նման կալորիական բաղադրությամբ այլ սննդակարգերի համեմատ, սնկերի վրա հիմնված սննդակարգը բերում է ճարպերի ամենաշատ վերացման: Այս բոլորը խիտինի` սնկերում պարունակվող հատուկ տեսակի մանրաթելերի շնորհիվ է: Մտնելով մարսողական համակարգ՝ այն ուռչում և այդպիսով սեղմում է ստամոքսի պատերը, ապահովելով կուշտ լինելու երկարատև զգացողություն: Սնկերը նաև ունեն ցածր կալորիականություն և ճարպերի քիչ պարունակություն: