Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Մթերքը “մատուցելու” հիանալի ձևը հղկվել է հույների, հռոմեացիների, կարթագենցիների և արաբների կողմից: Իսպանիայի տարածաշրջանային տարբերակման արտացոլանքը կարելի է գտնել նրա խոհանոցում: Ամենահայտնիներն են բասկյանը, գալլականը, կատալոնականը, վալենսիականը, էստրեմադուրյանը և երկու Կաստիլիաների խոհանոցները: Ցլամարտի ու ֆլամենկոյի, արևի ու ավազոտ ծովափերի, ձիթապտղի ու զաֆրանի համերի, նարնջի ու գինու երկիրը բնակեցված է 17 ազգություններով: Արտասահմանցի այցելուները շատ են զարմանում նրա շրջանների տարբերություններով` լեզվական, մշակութային, գեղարվեստական ավանդույթների, բնապատկերային ու քաղաքական:
Այս մշակույթի համաձայն իսպանացիներն իրենց ժամանակի մեծագույն մասն անցկացնում են դրսում: Այս պատճառով էլ նրանք հաճախ են ուտում դրսում` ռեստորաններում և սրճարաններում: Բարում նախաճաշելու սովորությունը շատ տարածված է: Այսպիսի բարը սրճարանի, փաբի կամ ռեստորանի դեր է կատարում. Կախված օրվա ժամից այստեղ համապատասխան ճաշատեսակներ են մատուցում: Մինչև ժամը տասներկուսը նրանք մատուցում են նախաճաշ, սակայն կարող եք խնդրել մատուցողին, որ Ձեզ համար պանրով կամ խոզապուխտով սենդվիչ բերի: Կեսօրից մինչև ժամը չորսը խոհանոցը մատուցում է տաք ուտեստներ: Չորսից հետո խոհանոցը փակ է մինչև երեկո, երբ նրանք սկսեն ընթրիք մատուցել: Որպես աղանդեր՝ սեզոնային մրգերի և պաղպաղակի հետ միասին, հաճախորդներին մատուցում են պուդինգ կամ թխվածքներ: Հետաքրքիրն այն է, որ իսպանացիները սուրճը ևս աղանդեր են համարում, այստեղ պատրաստված սուրճը հիանալի համ ունի: Թեյի սիրահարները կտխրեն` իմանալով, որ այն այստեղ շատ հազվադեպ է մատուցվում:
Մինչ հարավում իշխում են ծովամթերքները, երկրի կենտրոնական մասում թագավորում են բանջարեղենը և մսի տեսակները, իսկ սարերում`գառան միսը և պատիճավոր բույսերը: Աստուրիայում տիպիկ ճաշատեսակ է համարվում լոլիկի սոուսի մեջ շոգեխաշած խոզի միսը լոբով, այսպես կոչված` աստուրիան ֆաբադան: Լեռնային Կաստիլիայի այցեքարտը տապակած հորթի կամ գառան միսն է, ինչպես նաև չորացրած խոզապուխտը (ամենահայտնին սերանոն է), նաև խոզի խորիզո կծու նրբերշիկը: Կատալոնիայում ուտում են ամենատարբեր ձևերով բանջարեղենով պատրաստված (թարմ, եփած կամ մարինացված) ձուկ, Գալիսիայում մատուցում են սարսուելա դե մարիկոս` լոլիկի, սոխի, սխտորի, ձիթապտղի ձեթի և գինու կծու սոուսի մեջ շոգեխաշած տապակած ձկան կտորներ: Վալենսիան պաելաների երկիրն է. իսպանական ամենահայտնի ճաշատեսակը, որը պատրաստվում է երկաթե մեծ թավայի մեջ բանջարեղենի, հավի կտորների կամ ծովամթերքների հետ շոգեխաշած բրնձով:
Ողջ Իսպանիայում սառը վիճակում մատուցվող բանջարեղենային ապուրները անփոփոխ տարածում ունեն, դրանցից են ախո բլանկոն (սպիտակ տեսակը) և գասպաչոն (կարմիր տեսակը): Դրանց ծագումը հասնում է Հռոմեական ժամանակներին, երբ դրանք այսօրվա Անդալուզիայի տարածքներում դիրքավորված յուրաքանչյուր հռոմեական լեգեոների՝ օրենքով սահմանված սննդաբաժինն էր: Իսպանիային հատուկ մյուս ապուրը պուկերոն է, որը պատրաստվում է տավարի մսով և խոզապուխտով, նրբերշիկով, եռացրած խմորագնդիկներով, մաղադանոսով, սխտորով և թանձր օլլա պոդրիդայով, որի բաղադրիչներն են ոչխարի կամ հորթի տոտիկները, տավարի պոչը, խոզապուխտը, ապխտած նրբերշիկը, ոլոռը և բանջարեղենը: Երբ միսը եփվում է, այն մատուցվում է սխտորով և բուրավետ համեմունքներով համեմված ապուրի մեջ կտրտած:
Ողջ երկրով մեկ շատ տարածված են տորտիլլաները` սառը կամ տաք մատուցվող կարմրացրած ձվածեղը: Ծովամթերքով և ձկեղենով ճաշատեսակները գերիշխում են ափամերձ շրջաններում: Ձկնեղենի հսկայական շուկաները զբոսաշրջիկների համար տեսարժան վայր են յուրաքանչյուր ծովափնյա քաղաքում: Այստեղ պետք է գալ սկումբրիայի, թյուննոսի, մանր ծովախեցգետնի, ութոտնուկի և օմարի համար: