Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Գեղեցիկ ձևավորված ճաշատեսակներն աչք են շոյում, ուտելիքը գրգռում է իր էկզոտիկ բույրերով, իսկ համերի բազմազանությունից պարզապես շունչդ կտրվում է: Յուրաքանչյուր ճաշը բաղկացած է նախախորտիկից` հիմնականում աղցան, հիմնական ճաշատեսակից`պաշտետներ, թթու, ինչպես նաև չապատի ֆանտաստիկ հացից, որն ուտում են բանջարեղենով ու բրնձով: Հնդիկները հավատում են, որ ուտելիքը աստվածների պարգևն է, և դրա պատրաստումն ու սպառումը լրջություն, հարգանք ու կենտրոնացում է պահանջում:
Ի սկզբանե, մինչև գաղութատիրական ժամանակաշրջանը, Հնդկաստանում միս ուտում էին միայն ռազմիկների կաստայում: Այսօր հնդիկների ճնշող մեծամասնությունը բուսակեր է ավելի շատ կարիքից ելնելով: Հնդկական խոհանոցում հատուկ ստեղծագործական ուշադրություն է դարձվում բանջարեղենին: Շատ հետաքրքիր ճաշատեսակներ են պատրաստվում ոսպից, լոբուց, ցուկկինիից, սմբուկից և պարզապես լոլիկից, ծաղկակաղամբից ու սպանախից:
Մածունն ու սրբազան կովերը
Հնդկաստանում տավարի միս ուտելու արգելքը սրբազան կովերի պաշտամունքի արդյունքն է, իսկ տավարի միս ուտելը դիտարկվում է որպես սրբապղծություն: Մյուս կողմից` կաթնամթերքները, ինչպես մածունը (դահին), շատ տարածված են: Հնդկաստանի շատ ընտանիքներում ճաշը համարվում է կիսատ առանց գոնե մի գդալ դահիի: Սա նաև ավելի պրակտիկ բացատրություն ունի: Կազեինը, որը պարունակվում է կաթնամթերքի` ներառյալ մածունի մեջ, կարողանում է ակտիվորեն հագեցնել չափազանց կծու ուտելիքից առաջացած ծարավը:
Ավանդական հնդկական ճաշատեսակները ուտում են ձեռքերով` կտրելով մի կտոր չապատի և դրանով վերցնելով բրնձով բանջարեղենը կամ միսը: Բնականաբար, հնարավոր է նաև օգտագործել դանակ-պատառաքաղ: Պետք է հիշել, որ ուտելիս հնդիկները ալկոհոլ չեն խմում, սակայն դրա փոխարեն խմում են սառույցով ջուր կամ մածուն (դահի):
Համեմունքների թագավորություն
Ավանդույթների, ինչպես նաև պատմական դեպքերի պատճառով հնդիկ խոհարարները դարձել են համեմունքների իսկական վարպետներ: Հնդիկների ճնշող մեծամասնությունը բուսակերներ են, դրա համար համեմունքների հմուտ օգտագործումը դարձել է իսկական արվեստի ձև: Հնդկական խոհանոցում օգտագործվող շատ կանաչեղենի ու համեմունքների մեջ պետք է նշել հետևյալները. չաման, գինձ, քրքում, հիլ, կարմիր և կանաչ չիլի, դարչին, շաֆրան, մեխակ, մշկընկույզ, կոճապղպեղ, անիսոն, քունջութ, սոխ ու սխտոր:
Հակառակ իր անսահման տարածվածությանը՝ կարին հայտնի է որպես հասարակ մարդկանց ուտելիք: Ուստի որոշ հնդիկներ արհամարհում են կարի բառը, քանզի համոզված են, որ դա մատուցվող կերակրի քննադատություն է: Այնուամենայնիվ, շատ գիտակների համար այս համեմունքը խոհանոցային հրաշք է: Կախված խոհարարից՝ կան մի շարք հավելումներ (սխտոր, կոճապղպեղ, սոխ, չիլի պղպեղ և մածուն), որ չեն կարող անտեսվել կարիով ուտեստներ պատրաստելիս:
Փորձագետները համաձայնում են, որ հնդկական խոհանոցը ոչ միայն համեղ է, այլ նաև առողջարար: Կաթսայի մեջ կարճ ժամանակով տապակած կամ շոգեխաշած` բանջարեղենի ու մրգերի հետ խառնած մսի փոքր չափաբաժինը մեծ դեր է խաղում այստեղ: Փորձագետների համոզմամբ՝ սա կանխարգելում է օրգանիզմում քաղցկեղածին գործոնը ու նաև պաշտպանում է գիրությունից ու շաքարախտից: