Այս կայքը օգտագործում է թխուկներ տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտվել կայքից՝ դուք համաձայնում եք այդ ֆայլերի օգտագործմանը:
Արաբիկա (coffea arabica) սուրճի տեսակն ամենահին և ամենատարածված տեսակն է: Հաշվարկված է, որ աշխարհի սուրճի մոտ 70%-ը պատկանում այս տեսակին: Արաբիկան միակ տեսակն է, որի հատիկներից կարող ենք ստանալ բարձր որակի սուրճ՝ առանց հավելումների:
Արաբիկան աճում է վայրի տեսքով Եթովպիայում և մշակվում է Բրազիլիայում, Կոլումբիայում, Հնդկաստանում, ինչպես նաև Ջավայում, Սումատրայում և Կարիբյան երկրներում: Արաբիկա հատիկները երկարավուն և կանաչավուն են: Նրանք սուրճին տալիս են մեղմ և անուշ բույր, երբեմն շոկոլադի կամ համեմունքների համային ակնարկներով: Նուրբ բուրմունքն ուղեկցվում է կոֆեինի քիչ պարունակությամբ, որը տատանվում է 1-1.7%-ի միջև:
Ռոբուստա (coffea canephora) սուրճի տեսակն ավելի մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում և օգտագործվում է այլ սուրճերի համն ամրապնդելու նպատակով: Ռոբուստայի սերմերն ավելի արագ են աճում և ծաղկում, քան Արաբիկա սերմերը: Բացի այդ, Ռոբուստան ավելի դիմացկուն է դժվար կլիմայական պայմանների հանդեպ: Ռոբուստա հատիկները սովորաբար ավելի փոքր և օվալաձև են, քան Արաբիկա հատիկները: Նրանք ունեն դեղնականաչավուն գույն և ավելի դառը համ: Ռոբուստան ուղեկցվում է ավելի հզոր բուրմունքով և կոֆեինի ավելի շատ պարունակությամբ (2- 4.5%): Այն աճում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում (Կամերուն, Ուգանդա) և Վիետնամում: Ռոբուստա սուրճի արտադրության մասնաբաժինն աշխարհում չի գերազանցում 30%-ը: