100գ սոխ – 40 ԿԿալ
Սոխը պարունակում է մանրաթելեր, սպիտակուցներ, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում, կալցիում, կալիում, ինչպես նաև A, B1, B2, B6, C, PP վիտամիններ:
Ոչնչացնում է մանրէները
Ամենից շատ գնահատվում է սոխի մանրէասպան և վարակները կանխող հատկությունը: Սոխի հյութը պարունակում է ֆիտոնցիդներ՝ բնական հակաբակտերիալ նյութեր: Կարևոր է իմանալ, որ հում սոխը հարուստ է նախ և առաջ հակաբակտերիալ միացություններով: Նույնիսկ եփված վիճակում սոխն ունի շատ օգտակար հատկություններ:
Իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ամրապնդում սիրտը և պաշտպանում քաղցկեղից
Սոխն օգնում է խոլեստերինի դեմ պայքարում, քանի որ զգալիորեն իջեցնում է դրա մակարդակը: Արյան վրա ունենում է նոսրացնող ազդեցություն՝ իջեցնելով անոթների խցանման ռիսկը, իջեցնում արյան ճնշումը և պաշտպանում սիրտը: Այսօր իրականացվում են լայնածավալ հետազոտություններ՝ նպատակ ունենալով ապացուցել, որ սոխի և դրանից պատրաստված կերակուրների ամենօրյա օգտագործումն իջեցնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկը:
Արցունքաբեր է
Ինչո՞ւ ենք մենք լաց լինում սոխ կտրատելիս: Դա պայմանավորված է սուլֆոնային թթուների ազդեցությամբ, որոնք ձևավորվում են սոխ կտրտելիս արտադրվող LFS էնզիմների և ծծումբ պարունակող ամինաթթուների միացումից, որոնք գրգռում են արցունքագեղձերը և լորձաթաղանթը՝ առաջացնելով արցունքներ: Այդ տհաճ երևույթը կանցնի, եթե ծամեք մաղդանոս կամ սուրճի հատիկ:
Առանց սոխի չէին լինի եգիպտական բուրգերը...
Սոխն ունի շուրջ 3000 տարվա պատմություն, դրա հայրենքին են համարվում Միջին Ասիան և Հնդկաստանը: Այն Եվրոպա է հասել հռոմեացիների միջոցով, իսկ Քրիստոփոր Կոլումբոսը տարածեց այն օվկիանոսի մյուս կողմում: Սոխի պատկերներ գտել են նույնիսկ եգիպտական բուրգերի վրա. դրանով սնվում էին բուրգերը սարքող ստրուկները, քանի որ սոխը նաև կանխարգելում է համաճարակների տարածումը: Այսօր սոխն աճեցվում է ողջ աշխարհում և լայն տարածում ունի բոլոր մայրցամաքների խոհանոցներում: