100գ "Բորլոտտի" լոբի - 335 ԿԿալ
Պարունակում է սպիտակուցներ, երկաթ, կալցիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ, B1, B2, B6 վիտամիններ:
Հոգ տարեք ձեր սրտի մասին
Բորլոտտի լոբու սերմերը վարդագույն են մուգ պուտերով, իսկ եփելու ընթացքում ամբողջովին շագանակագույն են դառնում: Դրանք փոքրիկ են, նուրբ և քաղցր`ընկույզի թեթևակի համով: “Բորլոտտի” լոբին եկել է Ամերիկայից և հաստատվել Իտալիայում` հատկապես Տոսկանայում: Այն հայտնի է իտալական և պորտուգալական խոհանոցներում: Օգտագործվում է ապուրներում, աղցաններում, ավելացվում պաստային, պոլենտային, ինչպես նաև մատուցվում խոզի մսի հետ:
Բժիշկ լոբի
Բորլոտտի լոբին հիանալի բաղադրիչ է սպիտակուցներով հարուստ և խոլեստերինի քանակը նվազեցնող սննդակարգերում:
Հիշե´ք, բուսակերներ
Պատահում է, որ բուսակերային սննդակարգը ընկալվում է միայն որպես միս չուտելու սննդակարգ, և մարդիկ մոռանում են կամ ժամանակի սղության պատճառով չեն հասցնում լավ հոգ տանել իրենց սննդի ճիշտ բալանսավորման մասին: Առաջին հերթին դա հանգեցնում է օրգանիզմի թուլացմանը և մշտական հոգնածության զգացումին: Լուծումը լոբին է, ու ոչ միայն սպիտակուցներ պարունակելու պատճառով: Դրանք նաև լրացնում են երկաթի, կալցիումի և ցինկի պակասը: