100գ բատատ – 84 ԿԿալ
Բատատը պարունակում է շատ օսլա, C և B վիտամիններ, մոնոսախարիդներ և կարոտին:
Գազարի գույնի կարտոֆիլ...
Բատատների շուրջ 90%-ն աճեցվում է Ասիայում, այդ իսկ պատճառով այն լայնորեն օգտագործվում է ասիական խոհանոցում: Այս արմատապտղային բույսը հանդիսանում է աշխարհում ամենասննդարար մթերքներից մեկը: Այս կարտոֆիլի միջուկը կարող լինել տարբեր գույների, օրինակ՝ նարնջագույն: Բատատն ավելի օգտակար է, քան սովորական կարտոֆիլը:
Որպես ճաշ և որպես աղանդեր
Խոհանոցում այս մթերքն օգտագործվում է կարտոֆիլի պես՝ եփած կամ տապակած վիճակում: Դրանից կարելի է պատրաստել ֆրի, մատուցել որպես խավարտ, խյուս պատրաստել, ավելացնել բլիթների և սուֆլեների մեջ: Սակայն բատատի պատրաստման լավագույն ձևը ջեռոցում պատրաստելն է: Բացի այդ, բատատներն օգտագործվում են ալկոհոլի, օսլայի, ալյուրի և կարտոֆիլի փաթիլների պատրաստման համար: Բատատները ոչ միայն իդեալական ճաշ են, այլև կարող են օգտագործվել որես աղանդեր՝ շնորհիվ իրենց քաղցր համի:
Արևելյան չիպսեր
Ինչպես և կարտոֆիլը՝ բատատները հումք են հանդիսանում Ասիական երկրներում տարածված չիպսերի արտադրության համար: Չինաստանում տարածված են շաքարով պատված, ԱՄՆ-ում՝ աղի, իսկ Բանգլադեշում՝ կիտրոնաթթվով և կայենի պղպեղով համեմված չիպսերը:
Առողջության և գեղեցկության համար
Բատատների հիմնական օգտակար տարրը սպիտակուցներն են, որոնք ունեն հակաօքսիդանտ ազդեցություն: Այս բանջարեղենը խորհուրդ է տրվում արյան շրջանառության համակարգի հիվանդություններով, հաստ կամ բարակ աղիի քաղցկեղով տառապող մարդկանց: Այն պաշտպանում է ասթմայից, օստեոպորոզից և ռևմատոիդ արթրիտից: Բատատն իդեալական սնունդ է տարեց մարդկանց և հղիների համար: