100գ բակլա – 88 ԿԿալ
Բակլան պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և մանրաթելեր, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, կարոտին, ինչպես նաև A, B1, B2, C, E վիտամիններ:
Սպիտակուցներ
Բակլան պարունակում է շուրջ 25% բուսական սպիտակուցներ, որոնց սննդային արժեքը զգալիորեն գերազանցում է այլ հացահատիկային բույսերի սպիտակուցներինը: Այն գնահատվում է նաև մանրաթելերի, ածխաջրերի, ճարպերի, վիտամինների և հանքային նյութերի բարձր պարունակության համար:
Առանց խոլեստերինի
Բակլան չի պարունակում խոլեստերին և խորհուրդ է տրվում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների դեպքում: Բակլան նաև կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը՝ արագացնելով նյութափոխանակությունը մանրաթելերի շնորհիվ, այդ իսկ պատճառով այն հաճախ է օգտագործվում դիետաներում:
Տրոյացիները ևս ուտում էին բակլա
Բակլան հայտնի է արդեն 5000 տարի: Դրա հետքերը գտնվել են Չինաստանում, հին Եգիպտոսում, մինչև անգամ Տրոյայի ավերակներում: Դրանք հեշտ են աճեցվում, սննդարար են, ուժ և էներգիա են հաղորդում, ինչպես նաև արագ հագեցնում են սովը՝ սպառվելով հիմնականում հասարակության աղքատ խավի կողմից: Հնում բակլան համարվում էր մահվան խորհրդանիշ, և չէր օգտագործվում քահանաների կողմից:
Համեղ և օգտակար
Ամենահամեղն է համարվում երիտասարդ բակլան՝ պատրաստված աղաջրի մեջ, քիչ քանակությամբ կարագով: Այն կարելի է ավելացնել աղցանների, ապուրների և բոլոր այն ճաշատեսակների մեջ, որոնք լավ համադրվում են այլ լոբազգիների հետ, ինչպիսիք են ոլոռը և լոբին: