• cooking

Օգտակար և համեղ նախուտեստների բաղադրատոմսեր

առողջ

Որպեսզի մինչև նախաճաշը կամ ճաշը քաղցած չմնանք, կերեք սննդարար, առողջ և համեղ նախուտեստներ: Ահա մի քանի խորհուրդ

 

Բանջարեղենային նախուտեստներ

 

Գազարի շերտեր. Շերտերով կտրատեք գազարը: Պատրաստեք սոուս. ճզմեք մի պճեղ սխտոր, խառնեք 4 գդալ մածուն և մեկ գդալ սամիթ: Ավելացրեք համեմունքներ:

 

Նախուտեստներ` փայտիկի վրա. Խորանարդաձև կտրատեք դեղին պղպեղը և ֆետա պանիրը: Փայտիկի վրա շարեք կանաչ ձիթապտուղ, չերի լոլիկ, ֆետայի և պղպեղի խորանարդները: Նախուտեստները մատուցեք մաղադանոսի և յոգուրտի սոուսի հետ:

 

Վարունգը` «մուշտակի տակ». երկարությամբ կտրատեք կանաչ վարունգը: Այն փաթաթեք խոզապուխտի կտորով և կապեք կանաչ սոխից պատրաստված ժապավենով:

Մրգային նախուտեստներ

Խնձորը`դարչինով. Թթու խնձորը կիսեք և վրան շաղ տվեք դարչին: 2-3 րոպե դրեք միկրոալիքային վառարանի մեջ: Մատուցեք տաք վիճակում:

 

 

Ցիտրուսային աղցան. Խորանարդաձև կտրատեք մանդարինը, նարինջը, կիվին և մի բուռ ընկույզը: Վրան շաղ տվեք կիտրոնի հյութ:

Թուրինջի մյուսլի. կտրատեք թուրինջը, ավելացրեք մեկ թեյի գդալ հեղուկ մեղր: Վրան լցրեք 2 ճաշի գդալ բազմահացահատիկային մյուսլի:

  

Կաթնամթերքներով պատրաստված նախուտեստներ

Մածունի բաժակ. Խառնեք 2 բաժակ մածունը կամ կեֆիրը թավայի մեջ բոված ցորենի թեփին, ավելացրեք մեկ ճաշի գդալ կտրատած չոր միրգ (սալոր, ծիրան): Վրան շաղ տվեք մի քիչ դարչին:

Բուսական սառը ապուր. Կտրատեք վարունգը, ավելացրեք մեկ բաժակ կեֆիր կամ թան, մեկ գդալ կտրատած սամիթ, մաղադանոս և ռեհան: Վրան ցանեք մի փոքր աղ և պղպեղ:

Կաթնաշոռը` նարնջի մեջ. Կտրեք կաթնաշոռի երկու հաստ կտոր: Մաքրեք նարինջը և խորանարդաձև կտրատեք: Ավելացրեք կաթնաշոռին և թեթև խառնեք: Վրան շաղ տվեք թարմ անանուխի տերևներ: